Сегодня 29 мая, среда ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7273
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
serzhsargsyan
serzhsargsyan
Голосов: 1
Адрес блога: http://serzhsargsyan.livejournal.com/
Добавлен: 2008-03-11 23:47:50 блограйдером Lurk
 

Մարտի մեկի մասին

2008-03-26 21:27:17 (читать в оригинале)

Օրեր առաջ համացանցի օգտագործողների հետ կայացած իմ հարցուպատասխանի ընթացքում հնչած հիմնական հարցն այն էր, թե ի՞նչ է տեղի ունեցել մարտի մեկին, ո՞վքեր են պատասխանատու այդ իրադարձությունների համար, ինչպե՞ս ենք տեղի ունեցածի հետևանքները, ի՞նչ ենք անելու, որ նման բաներ այլևս չկրկնվեն: Հեռուստատեսությամբ հեռարձակված հարցուպատասխանի ժամանակ պատասխանեցի բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությանը, սակայն որ ևս մեկ անդրադարձն այս խնդրին բնավ ավելորդ չէ:
Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները: Մենք կարողացանք ամրապնդել ժողովրդավարության ավանդույթները, կարողացանք, որպես կայացող ժողովրդավարություն, կրկին լավ ընտրություններ կազմակերպել: Սովորական պայմաններում այսպիսի ընտրություններից, քաղաքական համագործակցության, համաձայնության ձեւաչափ գտնելուց հետո կարող էր տոն լինել, սակայն հետընտրական գործընթացներն, անշուշտ, հարված հասցրին ոչ միայն ընտրություններին, այլ մեր ողջ ժողովրդին, մեր պետությանը, բոլորի տրամադրությանը: Բնականոն պայմաններում ես պիտի ուրախ լինեի, սակայն հիմա ուրախ չեմ: Ես դառնացած եմ, որ իրադարձություններն ընթացան մի մարդու ծրագրած սցենարով, ընթացան այնպես, որի արդյունքում մենք չկարողացանք խուսափել կորուստներից: Կարծում եմ՝ կազմակերպիչներն ուղղակի խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ մնացած թեկնածուներն ընդունեցին համագործակցության իմ առաջարկությունը, եւ օգտագործեցին այս առիթը։ Խոստանում եմ, որ իրադարձությունների հետ կապված բոլոր նյութերը հետագայում դառնալու են հանրության սեփականությունը: Բոլորը կտեսնեն, թե ովքեր ինչ ցուցումներ են տալիս։ Եթե նույնիսկ դա քրեորեն պատժելի արարք չէ, համենայնդեպս՝ բարոյականության որեւէ նորմ չի պարունակում իր մեջ։
Մենք չկարողացանք կանխել աղետը, չկարողացանք, ուրեմն՝ պատասխանատու ենք, ուրեմն յուրաքանչյուրս մեղավորության իր բաժինն ունի, բայց այսօր մեղքի աստիճանի մասին չէ, որ պետք է մտածենք, այլ՝ թե ինչպես վերացնենք այս ողբերգության հետեւանքները:
Ինչու՞ այդ ողբերգությունը տեղի ունեցավ: Միգուցե՞ մենք գերագնահատեցինք մեր քաղաքական հակառակորդներից մեկի պատասխանատվության զգացումը, միգուցե՞ գերագնահատեցինք այն, որ նախկինում նախագահի պաշտոնում պաշտոնավարած մարդը երբեք երկիրը չի տանի ցնցումների ու անկայունության: Սակայն մենք գործ ունեինք ոչ թե պետական գործչի, այլ մարդու հետ, ով անձնական ամբիցիաները գերադասում էր մեր պետության, մեր հայրենիքի շահերից:
Իմ դառնությունը, սակայն ոչ թե թևաթափ լինելու և միայն վշտանալու հոգեվիճակ է, այլ քրտնաջան աշխատելու, մեր հայրենիքը զարգացնելու, մեր իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը վերստեղծելու, վերականգնելու մարտահրավեր: Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը, իմ կարծիքով մեր լավ աշխատանքն է: Մեր առաջին սկզբունքային քայլերից հետո ժողովուրդը համոզվի, որ ճիշտ ընտրություն է կատարել:
Եթե վերականգնենք դեպքերի ժամանակագրությունը, ապա հարկադրված ենք փաստել, որ կար երկու ելք. ոչինչ չանել ու տեսնել, թե ինչպես են մի խումբ մարդիկ փորձում զրոյացնել ժողովրդի կամաարտահայտությունը կամ պաշտպանել ժողովրդավարության նվաճումները: Սպասել նոր մարդկային զոհերի, թալանի ու ավազակությունների կամ պաշտպանել մարդկանց ամենահիմնական իրավունքը` կյանքի իրավունքը: Այդ ամենից հետո միայն, նախագահն իր լիազորությունների շրջանակում և օրենքով սահմանված կարգով միայն Երևան քաղաքում մտցրեց արտակարգ դրություն: Հաջողվեց խուսափել նոր զոհերից ու անկայունությունից: 
Եկեք ազնիվ լինենք. զենքով իշխանություն վերցնելը ցանկացած երկրի իրավունք միանշանակ մեկնաբանում է, որպես պետական հեղաշրջման փորձ: Ժողովրդավարության հաղթանակի միջոցներն այլ են:
Դեպքերի ժամանակագրությունը ու հետագայում տեղի ունեցածի վերլուծությունը փաստում է. նստացույցի մասնակիցներին կամ ցուցարարներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել։ Այն, ինչ հայտարարում է ոստիկանությունը, այն, ինչ կհայտարարի դատախազը, ինչ կպարզվի քրեական գործի արդյունքում, բոլորիս համար պետք է հստակ լինի, որեւէ ցանկություն չունենք ինչ-որ բան թաքցնելու։ Մինչ այս պահը ես վստահ եմ, որ ոստիկանությունը գնացել է ոչ թե ցրելու, այլ ստուգելու զենք-զինամթերքի առկայությունը։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել ավելի շատ զենք ու զինամթերք։ Ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ ցավում եմ, որովհետեւ եթե այդ զենք-զինամթերքի հիմնական մասը հայտնաբերվեր, գուցե արդեն երեկոյան եւ գիշերվա ընթացքում ավելի քիչ զենք օգտագործվեր զանգվածային անկարգությունների ժամանակ։
Եթե ոստիկանությունը գնար ցրելու, ապա պարտավոր էր միջոցառումների ողջ շղթա նախատեսել։ Ոստիկանությունն անպայման պետք է մտածեր, որ կան ակտիվիստներ, կան մարդիկ, ովքեր այդ բանը կարող են այլ տեղ կատարել։ Այսինքն՝ ձերբակալություններ չեղան, եւ ընդհանրապես՝ դեպքերին անպատրաստ լինելը բերեց նրան, որ տասնյակ ոստիկաններ վիրավորվեցին։ Եթե ոստիկանությունը գնում էր ցրելու, ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, սաղավարտի, վահանի, ռետինե մահակների։
Իշխանությունները շատ բան են արել, եթե չասեմ՝ ամեն ինչ, այդ բախումներից խուսափելու համար, եւ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ հանրահավաքի համար առաջարկվել է միայն «Հանրապետական» մարզադաշտի մերձակայքը կամ կայարանամերձ հրապարակը։ Դուք պետք է տեսած լինեիք վավերագրական կադրեր առ այն, որ ոստիկանությունը ցուցարարներին առաջարկեց գնալ եւ հանրահավաքը շարունակել Մատենադարանի մերձակա հրապարակում, բայց ոստիկանության առաջարկությունը մնաց օդում կախված, որովհետեւ մի մասը համաձայնեց, մյուս մասը՝ ոչ, որովհետեւ արդեն կար Լեւոն Տեր-Պետրոսյանի խիստ ցուցումը՝ ամրապնդվել այդտեղ, դեսպանատան աչքի առաջ։ Հասկանո՞ւմ եք՝ ամրապնդվել, ոչ թե մնալ այդտեղ, շարունակել ցույցը, այլ՝ ամրապնդվել։ Հենց այդ ցուցումից հետո էր, որ շուռ տրվեցին տրոլեյբուսներ, ավտոբուսներ եւ այսպես ասած՝ բարիկադներ կառուցեցին, եւ ոստիկանության կոչը՝ չդիմել անօրինական գործողությունների, մարդկանց գույքն ապօրինի չբռնագրավել, պետական գույքը չփչացնել եւ ընդհանրապես՝ զերծ մնալ անօրինական գործողություններից, որեւէ արձագանք չգտավ։ Հակառակը՝ այդ բոլոր կոչերը, առաջարկությունները որոշ մարդկանց կողմից ընկալվեց թուլության նշան եւ սկսեցին ծեծել ոստիկաններին։ Դուք տեսել եք վավերագրական կադրեր, թե ինչպես 40-50 հոգով ծեծելով փորձում են սպանել ոստիկանի, երեւի տեսել եք, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը դանակահարվել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր պաշտպանել անզեն ոստիկանին։ Այսինքն` ոստիկանությունն ի՞նչ, պիտի թողներ հեռանա՞ր այդ վայրից։
Հարկ է անդրադառնալ շրջանառվող որոշ տեղեկությունների, որոնք տարածվում են միայն իրավիճակը սրելու նպատակով: Ես հայտարարում եմ, որ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։
Մենք մեծ կորուստ ենք ունեցել 8 հոգի է զոհվել՝ 7 քաղաքացիական անձ եւ մեկ սպա: Տուժել են հարյուրավոր քաղաքացիներ: Երբ այցելում էի տուժածներին հիվանդանոցում ցավի եւ դառնության զգացողություն ունեի մի պարզ պատճառով, որովհետեւ նրանք տարբեր մարդիկ էին։ Այդ մարդիկ դժվար թե ընդհանուր հետաքրքրություններ ունենային. ե՛ւ մասնագիտությամբ էին տարբեր, ե՛ւ կազմվածքով, ե՛ւ, անմիջապես երեւաց, որ բնավորությամբ են տարբեր։ Կարծում եմ՝ նրանց հետ շփումն ինձ համար օգտակար էր։ Ես նաեւ կարողացա խոսել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են ե՛ւ կազմակերպիչների ջանքերի, ե՛ւ մեր՝ անկարգությունները կանխել չկարողանալու պատճառով։
Տեղի է ունեցել մարդկային ողբերգություն, մենք ունեցել ենք անդառնալի կորուտ, ու ես իմ ցավակցությունը հայտնել եմ: Առաջիններից մեկը ես էի, որ ցավակցություն հայտնեցի ե՛ւ մեր ժողովրդին, և զոհվածների ընտանիքներին, ընդհանրապես՝ բոլոր նրանց, ովքեր տուժել էին ֆիզիկապես եւ բարոյապես։ Այդ տեքստը բազմիցս ընթերցվել է էկրանից, տեղադրված էր եւ վստահ եմ՝ հիմա էլ տեղադրված է մեր համացանցային կայքում: Իհարկե՝ հիմա էլ եմ ցավակցում: Ինչ վերաբերվում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք: ։
Վերջում ցանկանում եմ հավատացնել, որ քրեական գործի շրջանակում քննվելու են բոլոր փաստերը։ Ինչ վերաբերում է իմ գործողություններին՝ դրանք լինելու են համարժեք, որեւէ անմեղ մարդ չպետք է պատասխանատվության ենթարկվի և բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ:

Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:
Հարցրերի մի մասին ես արդեն պատասխանել եմ իմ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Կարող եք տեսնել սղագրության ամբողջական տեքստը այս բլոգում: Բլոգում տեղադրված է նաև հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը: Հարցերի մի փոքր մասն ուղղակի դարձել է ժամանակավրեպ:




 


Самый-самый блог
Блогер ЖЖ все стерпит
ЖЖ все стерпит
по сумме баллов (758) в категории «Истории»


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.